Ձեր գովազդը
Ձեր գովազդը
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

"ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՏՆԵՐԻՆ ԵՎ ԾԵՐԱՆՈՑՆԵՐԻՆ"

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով 08.10.2002 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության "Բարեգործության մասին" (ՀՕ-424) օրենքն առ այն, որ "բարեգործությունը ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից մարդկանց կամ հանրությանը և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված նյութական և հոգևոր օգնության տրամադրումն է", ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգի Տնօրենների Խորհրդի թիվ 499 որոշման համաձայն, 2024 թվականի օգոստոսից ՀԱՅԱԴԱՐԱՆԸ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում իրագործելու է "Նյութական օգնություն մանկատներին և ծերանոցներին" Բարեգործական Նախաձեռնությունը, որն իրականացվելու է ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգում գրանցվող յուրաքանչյուր կազմակերպության կողմից փոխանցված գումարի 10% բաժնեմասից:

Հայտնի է, որ Բարեգործությունը հայ իրականության մեջ վաղ ավանդույթներ ունի: Դեռևս IV-V դարերում բարեգործական ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին: Այդ ժամանակ հայտնի է եղել Ներսես Մեծ կաթողիկոսը (329-373թթ.), որը եկեղեցիներին կից բացել է դպրոցներ, որբանոցներ, աղքատանոցներ և այլն: Իրենց բարեգործություններով աչքի են ընկել նաև Հայոց շատ թագավորներ, թագուհիներ, իշխաններ: Հայոց Աշոտ Գ արքան (953-977թթ.) հիմնել է դպրոցներ, հատուկ հոգատարություն ցուցաբերել աղքատներին, կույրերին, անդամալույծներին, որի համար էլ ստացել է Ողորմած պատվանունը:

Տարբեր ժամանակներում բարեգործությամբ աչքի են ընկել առանձին հայ մեծահարուստներ, որոնցից են` ազնվական Լազարյանները, Նուբար փաշան, նրա որդի Պողոս Նուբար փաշան, Ալեքսանդր Մանթաշյանը, Շառլ Ազնավուրը, Ալեք Մանուկյանը, Հրայր Հովնանյանը, Ջերալդ Գաֆեսճյանը, Ալբերտ Բոյաջյանը, Վաչե Մանուկյանը, Մաքսիմ Հակոբյանը, Լևոն Հայրապետյանը, Ռալֆ Յիրիկյանը, Հրանտ Վարդանյանը և ուրիշներ:

Բարեգործական ծավալուն գործունեություն են իրականացնում նաև բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, որոնցից են` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հայ Օգնության Միությունը, Հայկական Կարմիր Խաչը, "Հովարդ Կարագյոզյան" հաստատությունը, "Գալուստ Գյուլբենկյան" հիմնարկությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Հայ Օգնության Ֆոնդը և այլ կազմակերպություններ:

Տեղեկացնում ենք, որ ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգի պաշտոնական կայքում համապատասխան տարածք է հատկացվելու ՀՀ-ի և Արցախի մանկատների ու ծերանոցների համար առաջին անհրաժեշտության նյութական կարիքները լուսաբանող ցանկը ներկայացնելու համար: Շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձինք կարող են մշտապես հետևել կայքի համապատասխան բաժնում տեղակայված ցանկին և, նույնիսկ առանց ՀԱՅԱԴԱՐԱՆԻ միջնորդության, մասնակցել Բարեգործական Նախաձեռնությանը: Մեր կայքում նշվելու են մանկատների և ծերանոցների անվանումները, նրանց կոնտակտ-տվյալները, տնօրենների անուն-ազգանունները, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն: Հետագայում, կայքի համապատասխան բաժնում կներկայացվի տրամադրված նյութական օգնության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, օգնություն տրամադրած հաստատությունների անվանումները, նրանց ղեկավարների, ինչպես նաև բարեգործ-անհատների անուն-ազգանունները, որոնց փոխանցած գումարների շնորհիվ իրականացվել են օգնությունները: Առանձին աղյուսակով կներկայացվի ֆինանսական հաշվետվություն` մուտքերի և ծախսերի մասին:

"Նյութական օգնություն մանկատներին և ծերանոցներին" Բարեգործական Նախաձեռնության նպատակն է բավարարել ՀՀ-ի բոլոր մանկատների և ծերանոցների առաջին անհրաժեշտության նյութական կարիքները, իսկ հետագայում` ներգրավել նաև Սփյուռքի համանման առաքելությամբ հաստատությունները:

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգի Տնօրենների Խորհուրդը նպատակահարմար գտավ իրականացնել սույն Նախաձեռնությունը` գրանցված բոլոր կազմակերպությունների փոխանցած գումարի, ինչպես նաև բարեգործ-անհատների նվիրաբերած գումարի 10% բաժնեմասը հատկացնելով մանկատներին և ծերանոցներին՝ նյութական օգնության ձևով:

Մանկատների և ծերանոցների տնօրեններին հղվել է պաշտոնական գրություն, խնդրելով` ներկայացնել առաջին անհրաժեշտության նյութական կարիքների մանրամասն ցանկը:

Առաջին անհրաժեշտության նյութական կարիքների ցանկում ներառվող ապրանքներն ինքնարժեքով տրամադրող կազմակերպությունների ու բարեգործ-անհատների տվյալները զետեղվում են կայքի հատուկ բաժնում, որտեղ ներկայացվում են Նախաձեռնությանը սատարողների անունները՝ որպես աջակից:

Հիշե´նք. Մեծ եղեռնից հետո սկսվեց "Մեկ Որբ, Մեկ Ոսկի" նշանաբանով որբահավաք աշխատանքը, որի շնորհիվ փրկվեցին թուրքերի, քրդերի և արաբների տներում գտնվող հազարավոր որբեր:

Այսօր ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Տեղեկատվական Համակարգն ասում է. "Հեռու´ վանենք մեզանից անտարբերություն կոչվող չարիքը, կարեկցանքով ու սրտացավությամբ համախմբվենք մեր լքված փոքրիկների, տատիկների ու պապիկների շուրջ` ընդամենը վճարելով մեր դահեկանը:"

Կազմավորվում է Հոգաբարձուների խորհուրդ, որտեղ ներգրավվելու են բոլոր այն շահագրգիռ անհատներն ու իրավաբանական անձինք, ում համար ազգասիրությունը կենսակերպ է, ում համար հոգեհարազատ է "Հայրենիքն է Տունս, Ազգը` Ընտանիքս" կարգախոսը, Քրիստոնեությունը բառակապակցություն չէ և Պետությունը Յուր Ամրոցն է:

ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական
Տեղեկատվակական Համակարգի
Տնօրենների Խորհուրդ

Ձեր գովազդը
Ձեր գովազդը
Ձեր գովազդը
Ձեր գովազդը